2021թ․ հուլիսի 22-ին, ժամը 15:15-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի մաքսատան մոտ ավտոմեքենայի գազի բալոն է պայթել:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը, ժամը 15:10-ի սահմաններում Վանաձորի 35-ամյա բնակչի կողմից վարվող «Մերսեդես-Բենց E-350» մակնիշի ավտոմեքենան Բագրատաշեն բնակավայրից դեպի Վրաստանի Հանրապետության սահման երթևեկելու ընթացքում պայթել է գազի գլանանոթը, որի հետևանքով վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, զննության ընթացքում վերցվել են դեպքի վայրին՝ Վանաձոր- Վրաստանի Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի հարակից առևտրի սրահների տեսանկարահանող սարքավորումների դեպքին վերաբերող տեսանկարահանումների պատճենները, կատարվել է դիակի արտաքին զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է: