«Պատերազմի տարիներին որոշ երկրներ բացահայտորեն դուրս եկան մեր դեմ, անհիմն մեղադրեցին, սպառնացին պատժամիջոցներով, փորձեցին այդ հարցը բերել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Այս ամենը հակաադրբեջանական սցենարի բաղկացուցիչ մասն է, և մենք դրա մասին չենք մոռացել», օրերս հայտարարել է Ալիևը: Նա ասել է, որ «Ռուսաստանը և Ադրբեջանը կարծում են, որ պատերազմն ավարտված է, հակամարտությունն ավարտված է: Հայաստանում չպետք է թույլ տրվեն ռևանշիստական միտումներ»:

«Հայաստանը փորձում է հակաադրբեջանական կոալիցիա ստեղծել այլ պետությունների հետ», ասել է Բաքվից առատորեն սնվող ռուս փորձագետներից մեկը, դա գնահատելով «Ադրբեջանի հսկայական դիվանագիտական հաջողությունը խարխլելու» և այլ երկրներին Բաքվի դեմ տրամադրելու փորձ:


Ալիևը մատնում է իր վախերը մի քանի տարբերակներից. Արցախի կարգավիճակի ճանաչում, սահմանների հարցի կարգավորում միջազգային ատյաններում, ռևանշ և Հայաստանի գոյությամբ շահագրգռված պետությունների կոալիցիա։

Դրանք իսկապես մահացու տարբերակներ են Ալիևի համար, քանի որ այսպես կոչված «Ադրբեջանը» լույս աշխարհ բերած ռուս-թուրքական դաշինքից դուրս կորչում է Բաքվի գոյության իմաստը, և «Ադրբեջանը» կվերանա, եթե տարածաշրջանում սահմանների հարցը լուծվի ոչ թե Թուրքիայի և Ռուսաստանի միջև, այլ ՄԱԿ-ում կամ ԵԱՀԿ-ում:

Ռևանշը մյուս սպառնալիքն է Ալիևի և Պուտինի համար, այդ իսկ պատճառով Ռուսաստանը թույլ չի տալիս հայկական զորքերին իրականացնել լեգիտիմ ինքնապաշտպանություն (Լավրովի հավաստիացումը Բաքվին՝ բացառվելու է հայկական կողմից ռազմական բաղադրիչը):

Կոալիցիայի ձեւավորումը և «Ղարաբաղյան պլատֆորմի» հրավիրումը հակակշիռ կլինի ռուս-թուրքական «եռակողմ կարգավորմանը»: Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ինչպես նաեւ Եվրամիությունը եւ այլ կառույցներ եռակողմ հայտարարությունը չեն ընդունում որպես հակամարտության կարգավորում, իսկ Ֆրանսիան Հայաստանին խորհուրդ է տալիս դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

Հայաստանի «ռեւանշը» ինքնիշխան քաղաքականությունն է սեփական իրավունքների ու պահանջների պաշտպանության համար:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/27/657660/