Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա նախագահող, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա Դե Ռիվիերին և ներկայացրել Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։
Նամակում շեշտվում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի հանդեպ զուգորդվում են ամենաբարձր մակարդակով հնչող տարածքային պահանջներով, ռազմական գործողությունների սպառնալիքով, ազգային պատկանելության հողի վրա ատելության խոսքով։
Ընդգծվում է, որ Հայաստանը հաստատակամ է իր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիմքով։ Հայաստանը հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և հարատև քաղաքական կարգավորումը պետք է լինի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։
Նամակը շրջանառվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և առաջիկայում կհրապարակվի որպես ՄԱԿ ԱԽ պաշտոնական փաստաթուղթ: