Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատավոր Մնացական Հարությունյանը մերժեց պաշտպանության կողմի բողոքը և թողեց Առուշ Առուշանյանին կալանքի տակ։ Վերահաստատում եմ դատական նիստի ժամանակ արտահայտած հետևյալ դիրքորոշումս. «Դուք չունեք կամք և բավարար ուժ այս գործով կայացնելու օբյեկտիվ որոշում, Դուք չունեք համարձակություն գնալ իշխանություններին դեմ և կայացնել նրանց համար ոչ հաճո որոշում, ուստի ԱՐԺԱՆԻ չեմ համարում մասնակցել Ձեր նախագահությամբ վարած նիստին»։ Հարգելի՛ ընկերներ, ժպիտով ենք վերաբերում այս որոշմանը, քանզի իրականում պարտվողը մենք չենք, այլ դատավոր Մ. Հարությունյանն է, ով երբեք չի դառնա այնպիսին, ինչպիսին են դատավորներ Ա. Ազարյանը, Ա. Վարդանյանը, Վ.Ռշտունին, Մ. Պապոյանը, Ս. Մարաբյանը: Իսկ Առուշանյանը միևնույնն է ազատ է արձակվելու, չկասկածեք։
Հա, մեկ էլ մի բան՝ Հարգելի՛ որոշ դատավորներ, խնդրում եմ Ձեզ, դատական նիստերի ժամանակ վերջ տվեք այդ անլրջություններին, օրինակ՝ քննիչ, դատախազ նախատել, պաշտպանության կողմին սիրաշահել և ընդհանուր առմամբ թվալ օբյեկտիվ և արդար, սակայն հետո գալ և կայացնել Ձեր կողմից դատական նիստերին ցուցաբերած վարքագծին հակառակ որոշում։ Այդ կտերն ինքներդ կերեք ու մի քիչ արժանի պահեք Ձեզ, թե չէ կարծես թե մոռացել եք Ձեր կարգավիճակի լրջության աստիճանի մասին»։