«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 203 անձ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագրեր։
Սա նշանակում է, որ սահմանված ժամկետում հայտարարագրերը չներկայացնելու հիմքով հարուցվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ գործեր, որոնց արդյունքում կարող է կիրառվել վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 000 դրամի) չափով:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայտարարագիր չներկայացրած անձանց թիվը այսքանով չի սահմանափակվում, եւ առաջիկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոր ցանկ է հրապարակելու։ Նշենք, որ 203 անձանց թվում հիմնականում համայնքների ղեկավարներ են կամ պաշտոնյաների օգնականներ եւ խորհրդականներ։
Հետաքրքիր է, որ հայտարարագիր չներկայացրած անձանց թվում նշված է նաեւ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի անունը, որը կալանավորված է կաշառք վերցնելու մեղադրանքով։ Սակայն սա միայն հայտարարագիր չներկայացրած անձանց առաջին խումբն է, եւ սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում կհրապարակվի մյուս ցանկը, եւ, մեր տեղեկություններով, այնտեղ արդեն ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք են, այդ թվում՝ պատգամավորներ։
Այս պահին նրանց ժամանակ է տրվել սխալները շտկելու համար։ Նկատենք՝ սա առաջին դեպքն է, երբ հայտարարագիր չներկայացրած պաշտոնյաների թիվն այդքան մեծ է, իսկ դա ենթադրում է , որ ինչքան էլ նոր մեխանիզմներ են ներդրվում թափանցիկությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմերը մեծացնելու համար, միեւնույնն է, դրանց անլուրջ են վերաբերվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում