ՌԴ ԱԳՆ օգոստոսի 5-ի արձագանքը Նիկոլ Փաշինյանի՝ «հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման» վերաբերյալ առաջարկին, մի շարք նրբություններ է բացահայտում: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Բիկանտովի խոսքով՝ Ռուսաստանը չի կարող սահմանապահների տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին միջազգայնորեն-իրավական ձևակերպման բացակայության ու կողմերի միջև վստահության պակասի պատճառով։

Օգոստոսի 5-ին սակայն ՀՀ ՊՆ-ն հաստատեց, որ Տավուշի մարզի Ոսկեպարի տարածքում ռուս սահմանապահների հենակետ է տեղակայվել: Խոսակցություններ կան մարզում նաեւ այլ հենակետերի տեղակայման մասին: Այս առաջին հայացքից հակասական իրավիճակին բացատրություն է տվել հենց ինքը՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Ալեքսանդր Բիկանտովը հայ լրագրողի հարցին՝ արդյոք Բաքվի համաձայնությունն անհրաժեշտ է հայ-ադրբեջանական սահմանի հայկական հատվածում ռուս սահմանապահների տեղակայելու համար, ուղիղ պատասխան չի տվել, ինչը նշանակում է այդ իրողության հաստատումը: Նա նաեւ նշել է, որ սահմանի երկայնքով շարժական սահմանային անցակետերի տեղակայման հարցը վերաբերում է Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության իրավասությանը:


Ասվածը վկայությունն է այն բանի, որ Ռուսաստանը Բաքվի հետ համաձայնություններով գծում է «հայ-ադրբեջանական սահմանը», որն իրականության մեջ ՌԴ ռազմական ներկայության ճակատային գիծն է Հայաստանում: ՌԴ ԱԳՆ եւ ՌԴ ԱԴԾ (ՖՍԲ) «իրավասությունների» տարբերությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը Հայաստանի տարածքը համարում է ոչ կանոնակարգված, եւ ՌԴ տարբեր գերատեսչություններ Հայաստանում գործում են ըստ իրենց խնդիրների:


Ռուսաստանը տապալվել է Հարավային Կովկասում, եւ Հայաստանի հանդեպ նրա քաղաքականությունը բումերանգով վերադառնալու է իրեն, այդ թվում Ռուսաստանի տարածքի «ոչ կանոնակարգվածության» տեսքով: Հայաստանին պարտադրվող «դեմարկացիան» չի փրկելու՝ իրավիճակի սրումն անխուսափելի է, եւ այդ սրումը հավասարապես վերաբերելու է Ռուսաստանին:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/08/07/660105/