Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Ռոբերտ Պետրոսյանն ամփոփել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճած Հովհաննես Բաչկովի ելույթը:
«Բաչկովն անցկացրեց գերազանց մենամարտեր, նա ավելիին էր արժանի: Մրցակիցը կեղտոտ մենամարտ էր վարում և Բաչկովին թույլ չտվեց 100 տոկոսով օգտագործել իր հնարավորությունները: Երկրորդ ռաունդում մրցավարները նախապատվությունը տվել էին մեզ, սակայն երրորդում Բաչկովը չկարողացավ ամբողջությամբ օգտագործել իր ուժերը: Նա արժանի էր ինչպես բրոնզե, այնպես էլ ոսկե մեդալի: Շնորհավորում եմ բռնցքամարտի աշխարհին ու ֆեդերացիային»,- ասել է Ռոբերտ Պետրոսյանը:
Նախորդ անգամ Հայաստանը բռնցքամարտում օլիմպիական մեդալ էր նվաճել 2008 թվականին: Պեկինում բրոնզե մեդալակիր էր դարձել վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը։