Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն անդրադարձել է հարցին՝ արդյոք Հայաստանի կառավարությունը պատրաստվում է օգնություն ցուցաբերել Հունաստանին՝ անտառային հրդեհների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու հարցում:

Ներկայացնում ենք թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցն ու ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը:

Հարց. Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Հունաստանում անտառային հրդեհներ են բռնկվել, որոնք երկրին մեծ վնասներ են հասցրել։ Արդյո՞ք Հայաստանի կառավարությունը պատրաստվում է օգնություն ցուցաբերել Հունաստանին։

Պատասխան. Խորապես մտահոգված ենք բարեկամ Հունաստանում բռնկված անտառային հրդեհների պատճառով ստեղծված իրավիճակով և համերաշխություն ենք հայտնում եղբայրական հույն ժողովրդին այս դժվարին ժամանակներում:

Նշեմ, որ մենք կապ ենք հաստատել մեր հույն գործընկերների հետ և օգնություն առաջարկել։ Հունաստանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին՝ առաջարկած օգնության ու պատրաստակամության համար, և միաժամանակ տեղեկացրել, որ նկատի ունենալով, որ երկրում հրդեհների հետ կապված իրավիճակը ճգնաժամայինից անցել է համեմատաբար մեղմ փուլ, առայժմ հավելյալ օժանդակության անհրաժեշտություն չկա։

Իհարկե, մենք կշարունակենք ուշի ուշով հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում անմիջապես աջակցության ձեռք կմեկնենք եղբայրական հույն ժողովրդին։