Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ օգոստոսի 20–ին, հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ:
Ինչպես տեղեկանում է ԱԳՆ կայքից, Դավիթ Բաբայանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի եւ Արցախի համար կարեւոր ժամանակաշրջանում արտգործնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Արարատ Միրզոյանը եւ Դավիթ Բաբայանն ընդգծել են Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ հաստատված արդյունավետ համագործակցության հետագա զարգացման ու պարբերական խորհրդակցությունների անցկացման կարեւորությունը:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ Հայաստանի եւ Արցախի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման եւ համապարփակ ու տեւական կարգավորման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները քննարկել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ տեղում գործադրվող ջանքերը։ Շեշտվել է Հայաստանի եւ Արցախի սահմաններին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար։