«Հայազն» կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որով կոչ է անում միավորվել ընդդեմ հերթական անարդարության: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Քաղաքացիական հանրությունը ևս մեկ անգամ միավորում է իր ջանքերը անարդարության և հանրային շահի դեմ ուղղված հերթական ոտնձգության դեմ՝ տվյալ դեպքում Կոմիտաս 5 հասցեում, իր անօրինության և բնակիչների շահերի ոտնահարման տեսակետից աղաղակող, «կետային շինարարության» դեմ:
Ի պատասխան խաղաղ քաղաքացիական ընդվզման՝ իշխանությունը կիրառում է աննախադեպ և բացարձակապես չհիմնավորված ոստիկանական բռնություն: Մասնավորապես օգոստոսի 24-ին փողոցում ծեծի և նվաստացման ենթարկվեցին բազմաթիվ քաղաքացիներ, իսկ մեկ տասնյակից ավել ակտիվիստներ «բերման ենթարկվեցին», իսկ իրականում, առևանգվելով, փոխադրվեցին ոստիկանական բաժանմունք:
«Հայազնը» մեծագույն համակրանքով է վերաբերվում Ազատ Քաղաքացու կամքը արտահայտող քաղաքացիական շարժումների հիմնական նպատակներին, և բազմաթիվ հայազնականներ այդ շարժումների ամենաակտիվ մասնակիցներն են: Պատահական չէ, որ օգոստոսի 24-ին ապօրինի առևանգվածների մեջ էր նաև «Հայազնի» վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:
«Հայազն» կուսակցության վարչությունը իր բացարձակ զորակցություն է հայտնում մեր ընկերներին, ովքեր պատվով իրենց քաղաքացիական պարտքն են կատարում, և խստագույնս զգուշացնում է սեփական հանրությանը պատերազմ հայտարարած ուժերին, որ ցանկացած ապօրինություն կամ բռնության փորձ ստանալու են համապատասխան հավաքական պատասխան ողջ «Հայազնի» կողմից:
Վարչությունը նաև գոհունակություն է հայտնում Արմեն Մկրտչյանին՝ քաղաքացուն և հայ ազգային-հեղափոխականին վայել պահվածքի համար:
Կեցցե՜ Ազգային Հեղափոխությունը»:
Լուսանկարը` 168.am