Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, ասաց. «Ադրբեջանը Էյվազլի և Չայզամիի հատվածներում փակել է մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը: Այս գործողությունը հակասում է 2020թ. դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին ու հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի: Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել: Մեր ծառայությունները պետք է զգոն լինեն և ուշադիր, բայց մյուս կողմից, մեզ ամուր նյարդեր են պետք ու մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը պիտի զարգացնենք ու առաջ տանենք: Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր ու այս ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ: Էյվազլի ու Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության լավ խորհրդանիշ կարող է դառնալ»: