Գորիս-Կապան մայրուղու երկու հատվածների փակման ու վերաբացման պատմությունից հետո տեղի է ունեցել Պուտինի եւ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Կրեմլի ու ՀՀ վարչապետի աշխատակազմի հաղորդագրություններն այս անգամ նույնական են, ի տարբերություն նախորդների, երբ հայկական կողմի հաղորդագրություններում նշվում էին որոշակի «պայմաններ», մասնավորապես գերիների ու Արցախի խնդրի վերաբերյալ։
Մյուս ուշադրության արժանի հանգամանքն այն է, որ Կրեմլի հաղորդագրության մեջ ներառված է «Լեռնային Ղարաբաղի կարգավորում» ձեւակերպումը, ինչը չկար նախորդ հաղորդագրություններում․ «Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման ակտուալ հարցեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը», ասվում է հաղորդագրության մեջ։
Բանն այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Մոսկվան ու Բաքուն հայտարարեցին, որ այդ փաստաթղթով Ղարաբաղի հարցը կարգավորված է, Պուտինը Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի տարածք։ Արցախի կարգավիճակի հարցն էլ ՌԴ ԱԳՆ-ն համարեց ոչ ակտուալ։ Այս պարագային որո՞նք են «Լեռնային Ղարաբաղի կարգավորման ակտուալ հարցերը»։
Երեւանը մինչ կառավարության ծրագրի ներկայացումը պնդում էր, որ Ղարաբաղի խնդիրը կարգավորված չէ, եւ Հայաստանը հաղորդակցությունների բացման խնդիրը չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ։ Սակայն կառավարության ծրագիրը ներկայացնելիս Փաշինյանը հայտարարեց, որ դրանում կտրուկ ձեւակերպումներից խուսափել են «բանակցային գործընթացին չխանգարելու համար»։ Կառավարությունը ծրագրային փաստաթղթում ըստ էության հրաժարվել է Արցախի խնդրի կարգավորման հարցում պահանջներից ու նախաձեռնություններից, «սպասելով Մինսկի խմբի առաջարկներին»
Գորիս-Կապան ճանապարհին «հատուկ գործողությունն» ու Պուտին-Փաշինյան զրույցի հաղորդագրությունը նշանակո՞ւմ են, որ Փաշինյանը համաձայն է ընդունել պատերազմի արդյունքներն ու ՀՀ հանդեպ տարածքային պահանջները, 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ճանաչել որպես Արցախի խնդրի կարգավորում, իսկ 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունը՝ հաղորդակցությունների ապաշրջափակումն իրականացնել միջանցքային տրամաբանությամբ՝ ռուսական ուժայինների վերահսկողությամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/08/28/664412/