«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմից հետո ներհայաստանյան քաղաքական գործընթացներում, նույնիսկ հասարակական գործունեության առումով որոշակի պասիվություն էր նկատվում ՀՀ-ում գործող՝ արևմտյան ֆինանսավորումներով սնվող ՀԿ-ների, կամ, ինչպես հանրության շրջանակներում է առավելապես հայտնի, սորոսականների մեծ մասի պահվածքում։ Ավելի ստույգ՝ հանրային դաշտում, քանզի, մեր տեղեկություններով, նրանք իրենց գործը «սուսուփուս» շարունակում են անել:
«Թայմ-աուտը», սակայն, երկար չի տևի, քանի որ նրանց հարաբերական լռության հիմնական պատճառը ներքաղաքական դաշտում մինչև ընտրությունները եղած վիճակից բխող սպասումներն էին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այսպես կոչված, «սորոսականներն» առաջիկայում ակնկալում են երկու բավական մեծ մասշտաբի կրթական ծրագրեր բերել Հայաստան, որոնք հիմնականում պատրաստվում են կիրառել նախադպրոցական հաստատություններում և դպրոցական տարրական դասարաններում։ Մեր ունեցած տեղեկություններով, այդ գործընթացը փորձելու են կազմակերպել և իրականացնել «ճանաչողական և ուսուցողական» անվան տակ։ Այս գործընթացում, որպես առանցքային ֆիգուրանտներ, հիմնական դեր են խաղալու «Վորլդ Վիժն» և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ընկերությունները։
Թերթի տեղեկություններով, տեսականորեն ծրագրի իրականացման թղթաբանությունն արդեն ամբողջովին պատրաստ է, մնում է կոնկրետ քայլերով դրանք կյանքի կոչել։ Ի դեպ, արևմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ների «հետթայմաուտյան» որոշակի ակտիվացում այս օրերին նկատելի դարձավ նաև ԱԺ-ի գործընթացների առումով: Այնպես որ, հունիսքսանյան ընտրություններից հետո նրանք ավելի անկաշկանդ գործելու «քարտ-բլանշ» են ստացել, այդ թվում՝ հակառուսականության թեման անընդհատ թեժ պահելու առումով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում