Ոստիկանությունը պարզել է սեպտեմբերի 19-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց տեղի ունեցած խոշոր շղթայական ավտովթարի մասնակիցների, այդ թվում Infiniti-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված վիրավորների, նաև ոստիկանական ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է՝ Infiniti-ն վարել է Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հմայակ Միրզոյանը։ Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ և իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ կայանված վիճակում վթարի ենթարկված «ՎԱԶ 2106»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ, 29-ամյա Գևորգ Բադեյանը։
Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Infiniti-ի վարորդն ու նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ, 38-ամյա Սարգիս Համբարձումյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Infiniti մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց, բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 31-ամյա Արմիկ Փարսյանին պատկանող Mercedes մակնիշի, 59-ամյա Ավետիկ Ղուկասյանին պատկանող Isuzu մակնիշի, 26-ամյա Կարապետ Առաքելյանին պատկանող Nissan Bluebird մակնիշի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի հաշվեկշռում հաշվառված ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենային և 30-ամյա Ռոմիկ Ավագյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: