Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովի նախապատրաստական աշախատանքները կատարելու համար ռուս և ամերիկացի դիվանագետների հանդիպումը հետաձգվում է: Այս մասին հայտնում է Associated Presse գործակալությունը` հղում կատարելով ԱՄՆ Պետդեպարտամենտի աղբյուրներին:
Ավելի վաղ նշվում էր, որ Սիրիայի հարցով նախապատրաստական աշխատանքների համար ռուս և ամերիկացի դիվանագիտական գործիչների հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 28-ին Հաագայում: Հանդիպումը հետաձգվում է, քանի որ ԱՄՆ շարունակում է գնահատել Սիրիայում քիմիական զենքի հնարավոր օգտագործման հետ կապված իրավիճակը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները քննում են Սիրիայում հնարավոր գործողությունների տարբերակների մի ամբողջ շարք: Պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի օրը հայտնել էր, որ ԱՄՆ դաշնակիցների հետ պատրաստվում է հրապարակել Սիրիայում քիմիական զենքի օգտագործման նոր ապացույցներ:
Ռուս և ամերիկացի դիվանագետների միջև բանակցությունների անցկացման նոր տարեթիվը չի նշվում:
Միաժամանակ Սպիտակ Տան հատուկ ներկայացուցիչ Ջեյ Քարնին ճեպազրույցի ժամանակ նշել է, որ սիրիական կոնֆլիկտը հնարավոր չէ լուծել ռազմական միջոցով:
«Այս կոնֆլիկտը չունի ռազմական լուծում, գոյություն ունի միայն քաղաքական տարբերակ: Նախագահ Ասադը Սիրիայի բնակչության ապագայի համար պետք է հեռանա»,- նշել է Քարնին: