«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրեին՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։30-ին «Հայաստան» դաշինքը նախաձեռնել է ջահերով երթ Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի Եռաբլուր: «Ցույց տանք թշնամուն, որ հայը չի հանձնվել»,-ասված է հայտարարության մեջ:

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, չնայած պաշտոնական առաջարկ չի եղել, սակայն երթին մասնակցելու որոշում ունի նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ թե՛ ղեկավար մարմնի, թե՛ պատգամավորների, թե՛ տարածքային կառույցների ակտիվ ներգրավմամբ:


Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-ի այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ընդհանուր ազգային օրակարգը և կարևորելով փողոցային պայքարում իրական ընդդիմադիր ուժերի միասնականությունը: Այս տեղեկությունը ՀՀԿ գրասենյակից ճշտել չհաջողվեց, քանի որ ժամը բավականին ուշ էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում