Այս պահին Երևանի ոստիկանության շենքի մոտ են հավաքվել մի խումբ լրագրողներ և իրավապաշտպաններ` սպասում են ակտիվիստների ժամանմանը:
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի Նալբանդյան փողոցի վրա գտնվող ոստիկանության մոտակայքում Կոմիտաս 5 հասցեի շինարարությանը դեմ բնակիչներն ու քաղաքացիական ակտիվիստները պատրաստվում են ցույց անցկացնել:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին հայտնել է, որ թույլ չեն տալու ոստիկանության շենքի մոտ որևէ ակցիա անցկացնել:
Երևանի փոխոստիկանապետն անդրադառնալով Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպերին և ոստիկանների պահվածքին, նշեց, որ ինքը համաձայն չէ այն կարծքի հետ, որ ոստիկանները գործել են օրենքից դուրս:
Անդրադառնալով նաև ակտիվիստի պարանոցին հպված ոստիկանին, նշեց, որ ոստիկանի պնդմամբ ինքը նման բան չի արել: Ըստ Օսիպյանի` այդ ժամանակ փորձել են ոստիկանի ուսադիրները պոկել և նա էլ առաջ է եկել` ինչն էլ պատճառ է հանդիսացել նման խոսակցությունների համար:
Վալերի Օսիպյանը չի տիրապետում այն տեղեկատվությանը, որ ոստիկանների կողմից այս օրերին հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ:
Նա նշեց, որ այդպիսի ոչ մի տվյալների չի տիրապետում, իսկ տեսանյութերը չի դիտել:
Խոստացավ տեսանյութերն ունենալու դեպքում անպայման անդրադառնալ դրան, իսկ եթե նրանցում նկատվեն նման դեպքեր, ապա անպայման ոստիկանները կպատժվեն:
Այս պահին լրագրողները ոստիկանության դիմացի մայթին սպասում են ակտիվիստներին:
YerevanNews.am-ի տեսանյութը` շուտով: