Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` օգոստոսի 27-ին հյուրընկալել է անցած ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած, ինչպես նաեւ տարբեր օլիմպիադաներում հաջողությունների հասած մայրաքաղաքի եւ մարզերի բազմաթիվ աշակերտների եւ ուսանողների:
Նախագահի նստավայրում, մասնավորապես, հյուրընկալվել են հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 2012-2013 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտները, 2013թ. դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների մեդալակիրները, 2013թ. դպրոցականների միջազգային հինգ օլիմպիադաների մեդալակիրները, «Կենգուրու-2013» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթող եւ մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները, ինչպես նաեւ ՌԴ Կազան քաղաքում կայացած 27-րդ համաշխարհային ունիվերսիադայում մեդալներ շահած ՀՀ ուսանող մարզիկները: Արդեն ավանդական դարձած այդ հանդիպման ժամանակ նրանք ստացել են իրենց պարգեւները՝ մեդալները, հավաստագրերը եւ Հանրապետության նախագահի կողմից նվերներ:
Նախագահը շնորհավորել է պարգեւատրվածներին, մաղթել նոր հաջողություններ եւ պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Սերժ Սարգսյանը նաեւ ելույթ է ունեցել:
«Սիրելի՛ երիտասարդներ,
Ուրախ եմ այս հանդիպման համար եւ հաճույքով ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում:
2008թ. ընտրվելով Հայաստանի Հանրապետության նախագահ՝ ես խոստացել էի, որ կհանդիպեմ դպրոցների մեդալակիր շրջանավարտների եւ միջազգային առարկայական օլիմպիադաներում հաղթողների հետ: Հավատացեք՝ որքան էլ զբաղված լինեմ, որքան էլ մեծ ու փոքր խնդիրներ լուծելու անհրաժեշտություն լինի, այնուամենայնիվ, ես իմ խոստումը կատարելու եմ եւ ամեն տարի հանդիպելու եմ նման երիտասարդների հետ, որովհետեւ մի կողմից դուք դրան արժանի եք, մյուս կողմից՝ ինքս մշտապես դրական լիցքեր եմ ստանում այսպիսի հանդիպումների ժամանակ: Այսօր դուք իմ անձնական հյուրերն եք: Մենք այս դահլիճում մշտապես հանդիպում ենք օտարերկրյա ղեկավարների հետ: Նրանց համար այստեղ ընդունելություններ ենք կազմակերպում, բայց հավատացեք, որ այսօրվա հանդիպումը պակաս կարեւոր չէ: Դուք մեր երկրի ապագան եք, դուք մեր ժամանակի հերոսներն եք, եւ մեր երկիրը նման հերոսների կարիք ունի: Մեծ կարիք ունի:
Ես միշտ իմ զրուցակիցների հետ հպարտությամբ եմ խոսում ձեր մասին: Հավատացեք՝ մեր երկիրն ամեն ինչ անելու է, որպեսզի գիտությունը, կրթությունը Հայաստանում զարգանան: Մի քանի ամիս առաջ ես հանձնարարել էի հանրապետության կառավարությանը միջոցներ ձեռնարկել, որպեսզի ոչ մի լավ սովորող ուսանող սոցիալական պայմանների պատճառով չզրկվի կրթություն ստանալու իր իրավունքից: Եվ արդեն այս տարվանից գործում են մի շարք ծրագրեր: Ծրագրեր, որոնք ընդհանրական են, նախատեսված են բոլորի համար եւ ծրագրեր, որոնք արդեն գործում են սոցիալապես անապահով ուսանողների համար:
Այս հանդիպումը սոսկ հանդիպում չէ եւ ձեւական բնույթ չի կրում: Այս հանդիպումը քաղաքականություն է: Մեր երկրի զարգացման կարեւորագույն ուղղությունն է կրթությունը: Ոչ պակաս, քան զինված ուժերը: Դուք մեր երկիրը ներկայացնում եք դրսում՝ արտասահմանում, դուք մեզ պատիվ եք բերում: Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մեզ հետ մրցել, թող մրցեն կրթության բնագավառում: Բոլոր նրանք, ովքեր խոսում են Հայաստանում կրթական համակարգի փլուզման մասին, թող աչքերը լայն բացեն, ականջներն էլ սրեն ու տեսնեն ձեր հաջողությունները:
Միջազգային առարկայական օլիմպիադաներում դուք արդեն իսկ վաստակել եք 11 մեդալ՝ 1 արծաթե եւ 10 բրոնզե, ինչն ուղիղ այնքան է, որքան Վրաստանի եւ Ադրբեջանի ձեր հասակակիցների շահած մեդալները միասին վերցրած: Ես վստահ եմ, որ աստղագիտության բնագավառում մենք դեռեւս հաջողության ակնկալիքներ ունենք եւ ուզում եմ, որպեսզի բոլորս միասին հաջողություն մաղթենք մեր երիտասարդներին:
Ապրե՛ք: Շնորհակալ եմ: Հավատացեք՝ շատ մեծ գործ եք կատարել: Ե՛վ անցյալ տարի, եւ՛ այս տարի մենք հասել ենք լավագույն արդյունքների:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Կազանի օլիմպիադայի մասնակիցներին, ովքեր շահել են 10 մրցանակ: Երբեք մենք մեր նորագույն պատմության մեջ այդքան մեդալներ ունիվերսիադաներում չէինք շահել:
Ուզում եմ առանձնահատուկ նշել բոլոր այն շրջանավարտներին, ովքեր այս տարի ստացել են ոսկե մեդալներ: Ուրախալին այն է, որ հանրակրթությունը Հայաստանում զարգանում է ոչ միայն Երեւանում, ինչպես շատերն են ասում, այլ նաեւ մեր մարզերում: Եվ այդ մասին է խոսում մեդալակիրների թվի աճը ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Գորիսում, Սիսիանում, Հրազդանում, Գյումրիում: Սա շատ լավ է: Վստահ եղեք, որ այս գործընթացը շարունակվելու է:
Ուզում եմ նշել մեր փոքրիկներին՝ «Կենգուրու» խաղի հաղթողներին, ովքեր իրավամբ համարվում են ձեզ փոխարինողներ: Ցանկությունս է, որպեսզի ձեզնից որեւէ մեկը կանգ չառնի ձեռք բերածի վրա: Սա ձեր լուսավոր ապագայի առաջին հաստատուն քայլն է, եւ այն պետք է լինի հարատեւ: Մշտապես պետք է սովորեք: Նույնիսկ բուհ ավարտելուց հետո պետք է սովորել, մշտապես կարդալ: Կարդալ եւ ոչ միայն մասնագիտական գրականություն: Դուք փոքր, բայց մեծ մշակույթ ու պատմություն ունեցող ժողովրդի արժանի ներկայացուցիչներն եք: Դուք պետք է բազմակողմանի զարգացած լինեք, պետք է ուրիշներից շատ տարբերվեք: Հակառակ պարագայում, մենք բոլորս՝ մեր ժողովուրդը, չի ունենա այն ապագան, ինչի մասին մշտապես մեր նախնիները երազել են եւ ինչի համար շատ-շատերը տվել են իրենց կյանքը:
Ես հավատում եմ ձեզ: Հավատում եմ եւ ցանկանում եմ, որպեսզի մենք այս դահլիճում հաջորդ անգամ հանդիպենք այլ կարգավիճակով: Գիտեք, որ Հայաստանում գործում է մի հիմնադրամ՝ «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակներ է տրամադրում աշխարհի լավագույն 10 բուհերում սովորող հայ ուսանողներին: Ամեն տարի նրանց հետ էլ եմ հանդիպում: Այս տարի մի քանի շաբաթ առաջ եմ հանդիպել: Փայլուն երիտասարդներ են: Փայլուն: Կցանկանայի, որ որոշ ժամանակ հետո դուք ու նաեւ ձեզ հետ ուրիշները որպես «Լույսի» կրթաթոշակառուներ լինեք այս դահլիճում, եւ մենք արդեն խոսենք այլ թեմաների շուրջ: Ցանկանում եմ, որ մենք այս դահլիճում կրկին հանդիպենք եւ դուք արդեն լինեք Հայաստանի Հանրապետության նախագահի երիտասարդ գիտնականների համար նախատեսված մրցանակների արժանացածներ: Ինքներդ էլ չեք տեսնելու, չեք զգալու, թե ինչպես անցան այդ մի քանի տարիները, եւ եթե շարունակեք այս տեմպով՝ դուք մեր երկիրը տանելու եք առաջ: Անցնելու է որոշ ժամանակ, հավատացեք, որ այս երկրի պատասխանատուները լինելու են կա՛մ այս դահլիճում նստածներից, կա՛մ էլ ձեզ նմաններից: Անձնապես պատասխանատու պետական բարձր պաշտոնյաներ»: