Հայտնի է դարձել Արմավիրի մարզում, հոկտեմբերի 5-ին, Զվարթնոց տաճարի հարևանությամբ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է՝ «Կռազ»-ը վարել է Սյունիքի մարզի բնակիչ՝ 60-ամյա Ռազմիկ Ղուկասյանը, ով բախվել էր ճամփեզրին կայանված, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 60-ամյա Բաբկեն Սերոբյանին պատկանող «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին առաջ ընթանալով՝ բախվել էր Արմավիրի մարզի բնակիչ՝ 35-ամյա Վիգեն Արտաշյանին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել էր Երևանի բնակիչ՝ 48-ամյա Օլգա Տելեգինային պատկանող «Ջեյ Սի Բի»-ին (մինի տրակտոր)։


Վթարի հետևանքով Բ. Սերոբյանը. Վ. Արտաշյանը և վերջինիս ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Ա. Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին էլ տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Կայքը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել նշված ավտովթարը, որն արձանագրվել է հարևանությամբ տեղադրված տեսախցիկի կողմից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին, ժամը 11։15-ի սահմաններում «Կռազ 250» մակնիշի բեռնատարը Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոց տաճարի հարևանությամբ դեպի Երևան ընթանալիս բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԼԱԴԱ 2114» մակնիշի ավտոմեքենային։ Բախման հետևանքով «ԼԱԴԱ»-ն էլ առաջ էր ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ առաջ ընթանալով՝ բախվել էր կայանված մինի տրակտորին։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին՝ երկուսը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մյուս վիրավորն էլ՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկը։

«ԼԱԴԱ 2114»-ի վարորդին ավտոմեքենայից դուրս էին բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարները՝ օգտագործելով տեխնիկա։