Ամբողջ աշխարհի առողջապահության ոլորտի մասնագետները ստորագրել են խնդրագիր, որն ուղղված է շոտլանդական Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության համաժողովի (COP26) մասնակից երկրների ղեկավարներին: Այս մասին հայտնում է Phys.org-ը։
Խնդրագրում ասվում է, որ կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունը մի քանի անգամ կգերազանցի կորոնավիրուսի համաճարակի հետևանքները:
Օդի աղտոտվածության պատճառով, որը հանածո վառելիքի այրման արդյունք է, ամեն տարի վաղաժամ մահանում է ավելի քան յոթ միլիոն մարդ: Բացի այդ, երկրի վրա բնական պայմանների վատթարացումն ազդում է սննդի, ջրի և օդի որակի վրա, իսկ տարերային աղետները կործանում են միլիոնավոր մարդկանց կյանքը:
Գիտնականների տվյալներով՝ երկրի ջերմաստիճանն արդեն այս հարյուրամյակում կբարձրանա 2,7-3,1 աստիճանով ՝ ըստ Ցելսիուսի: Ուստի շատ կարևոր է չգերազանցել կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրով սահմանված նորման, որը 1,5 աստիճան է։
Փորձագետները մի շարք միջոցներ են առաջարկել առողջապահության ոլորտում աղետից խուսափելու համար։ Առաջին հերթին, հանածո վառելիքից արագ անցում և մաքուր էներգիայի զարգացման ֆինանսավորում, փարիզյան համաձայնագրի պահանջներին համապատասխան ջերմոցային գազերի արտանետումների կրճատում և կլիմայի փոփոխության նկատմամբ կայուն ցածր ածխածնային առողջապահական համակարգի կառուցում»: