Կրեմլի խոսնակը հայտնել է Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին, շաբաթվա սկզբին։ Այն տեղի կունենա տեսակապով։ Հնարավոր հանդիպման կապակցությամբ խոսվում էր պայմանագրերի ստորագրման մասին, որը պաշտոնապես ոչ հաստատվել է, ոչ հերքվել։

«Եռակողմ» ձեւաչափում հանդիպումները, փաստաթղթերի մասին տեղեկությունները սովորաբար պարուրված են լինում խորհրդավորության ու անորոշության քողով, կամ ամեն ինչ արվում է գաղտագողի, երբեմն էլ՝ գողեգող։ Այդպես է սկսած 2020-ի նոյեմբերի 9-ից թե 10-ից, երբ ստորագրվեց եռակողմ հայտարարությունը։ Դրա բացատրությունը շատ պարզ է՝ Հայաստանի դեմ ռուս-թուրքական հերթական ոճրագործությունը չունի ոչ միայն միջազգային, այլեւ «տեղային» լեգիտիմություն, նույնիսկ Փաշինյանի համաձայնության դեպքում։ Եռակողմ ձեւաչափն ավելի շատ հիշեցնում է գողերի սխոդկա՝ աչքից հեռու։

Դա արդեն շատ բան է բացատրում։ Հայաստանի դեմ ցեղասպան գործողություններ ծրագրածների ու իրականացնողների նախաձեռնությունները մերժվում են, մերժվում է «հետպատերազմյա կարգավորումը»։ Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցքի», 3+3-ի ու սահմանազատման հարցերում անցավ իր համար ճակատագրական գիծը։ Նոյեմբերի 9-ի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ խայտառակ հայտարարությունը, որում Մոսկվան փաստացի խոստովանում է ԼՂՀ-ի ու Հայաստանի ինքնիշխանության ոչնչացման մտադրությունը, ամբողջացնում է պատկերը։

Մոսկվա-Անկարա ծրագիրը հիմա կախվել է Հայաստանի ստորագրությունից։ Երեւանը չպետք է ստորագրի պարտադրվող պայմանագրերը, որոնց նպատակը Հայաստանի դեմ ռուս-թուրքական ոճրագործության օրինականացումն է։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/11/07/679747/