Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում տեղի ունեցած Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովում կրկին խոսել է Զանգեզուրի միջանցքի մասին՝ տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանին։
«Վաղ թե ուշ Հայաստանը կհասկանա, որ տարածքային պահանջները ոչ մի երկրին օգուտ և պատիվ չեն բերում։ Հուսով եմ՝ Հայաստանը կհրաժարվի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ տարածքային հավակնություններից, հակառակ դեպքում ավելի կվատացնի իր դրությունը»,- հայտարարել է նա։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևն ասել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է թյուրքական աշխարհի հզորացման համար։
Ալիևի խոսքով, իբր 1920-ականներին խորհրդային ղեկավարության որոշմամբ «Ադրբեջանը փաստացի մասնատվել է, և ադրբեջանական տարածքի մի մասը փոխանցվել է Հայաստանին»։
«Այսպիսով, թյուրքական աշխարհը մասնատվեց, և այսօր մենք կրկին միավորում ենք թյուրքական աշխարհի աշխարհագրությունը լոգիստիկ նախագծերի միջոցով»,- ասել է Ալիևը։
Նա նաև հայտարարել է, որ տարածաշրջանային մակարդակով ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակը նշանակում է կապի և նյութատեխնիկական ապահովման զարգացում, և այդ տեսանկյունից կարևորել է «Զանգեզուրի միջանցքի» բացումը։
«Սա «(Զանգեզուրի միջանցքի» կիրարկումը) շատ լայն հնարավորություններ կբացի ողջ տարածաշրջանի համար։ Այդ միջանցքը լավ պոտենցիալ ունի, այն կապելու է թյուրքական աշխարհի բոլոր երկրներին, մեզ կապելու է Եվրոպայի հետ։ Այն շատ կարևոր նախագիծ է»,- հավելել է նա։