Ազգային ժողովի այսօրվա՝ նոյեմբերի 16-ի նիստում որոշվեց քննարկման փակ ռեժիմ փոխանցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի նախաձեռնած «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկումը, որը կանցկացվի այսօր:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ-հինգերորդը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրների հարցով հրատապ քնննարկում իրականացնել:


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ առաջարկվել է նիստն անցկացնել դռնփակ:

Պատգամավորները 61 կողմ ձայնով ընդունեցին առաջարկը: Նիստին հարակից զեկուցողներ կլինեն իրավասու մարմինների ներկայացուցիչները:

Նշենք, որ ԱԺ նիստինմասնակցում են միայն ՔՊ խմբակցության պատգամավորները, ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին մասնակցում քվեարկությանը. նրանք բոյկոտել են ԱԺ այսօրվա նիստը: