«Կանխատեսելի էր, որ այս տարաձայնություններով լի սահմանային գործընթացներում անընդհատ լարվածության բռնկումներ են լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակին:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ-ն այսօր հայտարարություն տարածեց. «Սույն թվականի նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ»: Մինչ այդ ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական զինուժը դիրքային առաջխաղացման փորձ է կատարել։ Հայտնել էին, թե ինտենսիվ փոխհրաձգություն է սկսվել, որը դադարել է, բանակցություններ են սկսվել՝ ռուսական կողմի միջնորդությամբ: Երկու գերատեսչությունները, ի դեպ, հակասություններով էին տրամադրել տեղեկատվությունը: ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, թե սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չի համապատասխանում իրականությանը, իսկ ԱԽ-ն տեղեկացնում է՝ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով ՀՀ ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ․ ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից:
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԱԾ-ն նաև հաղորդեց, որ նոյեմբերի 15-ին՝ կեսգիշերից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ:
Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ երկար ժամանակ խոսվում էր սահմանների հստակեցման՝ սահմանազատման և սահմանագծման մասին, ինչը երկարաժամկետ և բարդ գործընթաց է, որի շուրջ ևս համաձայնության Երևանն ու Բաքուն չեն գալիս: Ըստ նրա, ինչպես երևում է՝ կան տարաձայնություններ նաև ապաշրջափակման երթուղիների շուրջ:
«Կանխատեսելի էր, որ այս տարաձայնություններով լի գործընթացներում անընդհատ լարվածության բռնկումներ են լինելու: Ադրբեջանը փորձում է մեծացնել ճնշումը հայկական կողմի նկատմամբ, որպեսզի որոշումները շուտ կայացվեն: Տարածաշրջանի որևէ երկիր չի ցանկանում ու պատրաստ չէ պատերազմի, սա պետք է հասկանալ, ՌԴ-ն ևս չի ցանկանում ներքաշվել որևէ լարված գործողության մեջ, այդ պատճառով էլ գործընթացի կողմնակիցն էր, բայց, ի վերջո, այս իրավիճակները կարգավորվում են նաև ռուսական կողմի բնակցությունների և միջնորդության արդյունքում, սակայն ռուսական կողմի հնարավորությունները ևս սահմանափակ են, հատկապես, երբ Ռուսաստանն անձամբ բազմաթիվ խնդիրներ ունի ՆԱՏՕ-ի և այլ կենտրոնների, երկրների հետ, Հարավային Կովկասը ավելի երկրորդական գոտի է, որում Ռուսաստանը ևս ցանկանում է բանակցային լուծումներ, չներքաշվելով և որևէ կողմի օգտին չխաղալով»,- ասաց նա: