Ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարը եվրոպական գոտում։ 10 խմբերում առաջին տեղերը գրաված թիմերը նվաճեցին ուղեգրերը։
Այդ թիմերն են Սերբիան, Իսպանիան, Շվեյցարիան, Դանիան, Բելգիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Գերմանիան, Անգլիան ու Նիդերլանդները։
Անցումային հանդիպումներին գարնանը կմասնակցեն Շոտլանդիան, Չեխիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Շվեդիան, Ավստրիան, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ուելսը, Իտալիան ու Թուրքիան։
Վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին Ցյուրիխում։ Լարված հարաբերությունների պատճառով Ռուսաստանն ու Ուկրաինան չեն խաղա իրար դեմ։
Չեխիան ու Ավստրիան փլեյ-օֆֆին մասնակցելու իրավունք են ստացել ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում ամենաբարձր վարկանիշի շնորհիվ այն թիմերից, որոնք ընտրական խմբերում չեն գրավել առաջին եւ երկրորդ տեղերը։
Առաջին անգամ փլեյ-օֆֆը կանցկացվի կիսաեզրափակիչ եւ եզրափակիչով։ Կվիճարկվի եւս 3 ուղեգիր։ Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մարտի 24-ին, եզրափակիչի խաղերը՝ մարտի 29-ին։
Կիսաեզրափակիչում Պորտուգալիան, Շոտլանդիան, Իտալիան, Ռուսաստանը, Շվեդիան ու Ուելսը կլինեն զույգերում ընդունող կողմը։ Եզրափակիչի երեք զույգերում հյուրընկալող թիմը կընտրվի վիճակահանությամբ։
World Cup play-offs ✅