Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի շփման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 16-ին ՀՀ տարածք ներխուժմանը եւ զինված գործողություններին, Պեսկովը զսպվածության կոչ է արել եւ ասել, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների կատարումն է։
Պեսկովն այսպիսով Կրեմլի մակարդակով կրկնում է մինչ այդ քարոզչական միջոցներով տարածված սպառնալիքը՝ Հայաստանը պայմանագրեր չի ստորագրում, ուրեմն կստանա տարածքային կորուստներ ու զոհեր։ Ինչ վերաբերում է հնարավոր հանդիպմանը, Կրեմլը պայման է դնում՝ հանդիպումը պետք է նշանավորվի կոնկրետ արդյունքով։
Մինչ այդ, Մոսկվան փաստացի հրաժարվում է Հայաստանի հանդեպ պայմանագրային պարտավորություններից, ՀԱՊԿ-ի ու ԱԳՆ խոսնակ Զախարովայի զավեշտալի արձագանքներով։ Իսկ կողմերին զսպվածության կոչը եւ եռակողմ թղթերին հղումները վկայում են, որ Մոսկվան մտել է անտանելի ծանր բեռի տակ, ինչն անկասկած պայմանավորված է Հայաստանի դեմ ծրագրված եւ իրագործված ահաբեկչական պատերազմի արդյունքներով։
«Միջազգայնորեն ճանաչված սահմանի խախտման» արձանագրումը լիովին փոխում է իրավիճակը։ Մոսկվայի այս վիճակի մասին արդեն խոսում են ռուսական քիչ թե շատ առաջադեմ շրջանակները։ Գալիս է այն ընկալումը, որ Հայաստանի վերացումը նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով չի լուծելու խնդիրները։ Հայաստանում գործադրված՝ շոու-բիզնեսի խեղկատակներից մինչեւ պողպատե մանդատակիրներ՝ համեմված նողկալի քարոզչությամբ, այդ տապալման արձանագրումն են։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/11/18/682205/