Երեւան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած 8 քաղաքացիները հիվանդանոցից դուրս են գրվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին  ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։

«Հիւվանդանոց տեղափոխվելուց հետո տուժածներից 2-ը մահացել էին, մնացած 8 քաղաքացիները անհրաժեշտ բուժումները ստանալուց հետո դուրս են գրվել, նրանց կյանքին այլեւս վտանգ չի սպառնում»,- հայտնեց նա:


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթեւեկելի գոտուց աջ եւ կողաշրջվել։ Վարորդը տեղում մահացել է։ Այդ վթարի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, 17-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված կանոնները խախտելու եւ լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու հատկանիշներով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ այդ ճանապարհահատվածի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները։