Ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները, որոնք գերի էին ընկել Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադարձվել են, ներկայում շարունակվում են գերեվարված հայ զինվորների վերադարձի ուղղությամբ աշխատանքները։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։
«Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձված են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի գործընթացը շարունակվում է, առկա է դրական ըմբռնում: Կարծում եմ՝ այդ հարցը պետք է ամբողջությամբ փակվի: Ռուս խաղաղապահները գործն ավարտին կհասցնեն»,-ասել է Մուրադովը:
Նա նշել է, որ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքը համարում է խաղաղապահի քաղաքացիական պարտքը։
«Որպես զինվորական, ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացողություններ են նրանք ունեցել: Ես հիշում եմ առաջին թռիչքը դեպի Բաքու, երբ գերիներին վերադարձնում էինք Երևան: Ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում՝ «Էրեբունի» օդանավակայանում: Արցունքներ էին, նրանք չէին հավատում, որ վերադարձել են տուն»,-պատմել է Մուրադովը: