Երեկ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։ Ավելի ուշ ՊՆ-ն նորից հաղորդագրություն տարածեց հայկական կողմի 2 վիրավորների մասին։
ArmDaily.am-ը այսօր կապ հաստատեց Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի ու համայնքների ղեկավարների հետ՝ պարզելու, թե երբ է դադարել կրակն ու ինչպես է անցել գիշերը սահմանապահ բնակավայրերում։
«Ժամը 19։00-ից կրակը դադարել է, էլ ձայներ չենք լսել, հետո խաղաղ է եղել»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Նորաբակի ղեկավար Վազգեն Ասատուրյանը։
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավարի հետ կապ հաստատել չստացվեց, վերջինիս հեռախոսն անջատված է։
Իսկ Վերին Շորժայում երեկ կրակոցներ չեն հնչել։ «Ամեն ինչ խաղաղ է եղել, էդ կրակոցները մեզ մոտ չէին»,-ասաց Վերին Շորժայի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։
Կութում ևս որևէ կրակոց չի եղել։