Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ներկայումս բարենպաստ միջավայր է ստեղծվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար։

Ալիևը, չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, նշել է, թե նախկինում Հայաստանի ղեկավարները «սովորաբար միջազգային միջոցառումներին մեղադրանքներ էին հնչեցնում Ադրբեջանի հասցեին»

Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ նշվում է, որ այս անգամ միջոցառմանը դա տեղի չի ունեցել։ «Ալիևը, դրական գնահատելով այս փաստը, իր հերթին չհայտնեց իր կարծիքը Հայաստանի մասին։ Երկրի ղեկավարը նշել է, որ դա վկայում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար բարենպաստ պայմանների առկայության մասին»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Ալիևը նշել է , որ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախորդ օրը մոտ 5 ժամ տեւած հանդիպումը անցել է կառուցողական։ «Բացի այդ, Միշելի նախաձեռնած այս հանդիպումը հագեցած էր գործնական բովանդակությամբ, քննարկվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և սահմանագծման, տրանսպորտային ենթակառուցվածքների, հատկապես երկաթուղու ստեղծման հարցերը։ Ի վերջո, հանդիպումը պրագմատիկ և արդյունավետ էր»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալում է գործողություններ՝ հաշվի առնելով «տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողությունները»։ Նրա խոսքով, ադրբեջանական կողմը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է աջակցություն ցուցաբերել այնպիսի հարցերում, ինչպիսիք են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, սահմանների սահմանազատումը, քաղաքացիների միջև շփումների ստեղծումը, վստահության ամրապնդման միջոցները և այլն։

Ադրբեջանի նախագահն իր ելույթում նաև նշել է, թե մինչ այժմ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում «ականի պայթյունի հետեւանքով շուրջ 200 մարդ է զոհվել կամ վիրավորվել»։