Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային 10-րդ օրը մրցահարթակ դուրս կգա կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, կրկնակի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ):
Նա 2012 թ. երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիր է, 2013թ. Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների չեմպիոն, 2013 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2014 թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն, Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն եւ ռեկորդակիր։
Սիմոն Մարտիրոսյանը 2016 թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018 թվականի աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի Մ-20 չեմպիոն եւ ռեկորդակիր, Եվրոպայի Մ-23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2019 թ. Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, 2019 թ. Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն:
2019 թվականի Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի կոչումը նվաճեց երկամարտի 427 կգ (192+235) արդյունքով: Նույն տարում Թաիլանդում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատարը չեմպիոնի կոչումը նվաճեց երկամարտի 429 կգ արդյունքով (199+230)։ Այս առաջնությունում Մարտիրոսյանը պոկում վարժությունում 199 կգ-ով սահմանեց աշխարհի ռեկորդ:
2021 թվականի ապրիլին Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում աշխարհի չեմպիոնն անհաջող հանդես եկավ: Սիմոն Մարտիրոսյանը զրո ստացավ հրում վարժությունում՝ չկարողանալով 3 փորձից բարձրացնել 227 կգ ծանրաձողը: Երկրորդ վարժության համար 24-ամյա ծանրորդը պատվիրել էր ամենածանր քաշը և մրցահարթակ դուրս եկավ այն ժամանակ, երբ մյուս բոլոր մասնակիցներն ավարտել էին ելույթները, սակայն անհաջողության մատնվեց: Պոկում վարժության համար պատվիրված 190 կգ-ն էլ բարձրացրեց միայն երրորդ փորձից և նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Տոկիոյում անցկացված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 423 կգ արդյուքնով նվաճեց արծաթե մեդալը (195+228): Պոկում վարժությունում 195 կգ-ով օլիմպիական ռեկորդ սահմանեց:
Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը գլխավոր ֆավորիտներից մեկն է: Նույն քաշային կարգում Տաշքենդի մրցահարթակում աշխարհի չեմպիոնության համար Սիմոնի հետ կպայքարեն նաեւ Ռիո-2016 եւ Տոկիո-2020 օլիմպիական չեմպիոնները, որոնց էլ երկու Խաղերում պարտվել է Սիմոն Մարտիրոսյանը:
Հայաստանի հավաքականի ավագի երկամարտի նախնական հայտը 425 կգ է: Այդքան է նաեւ այս քաշային կարգի մյուս երկու ֆավորիտների՝ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովի եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ակբար Ջուրաեւի նախնական հայտերը:
109 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին: