Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի հավաքածուում ներառելու նպատակով կայացել է Ս. Փարաջանովի «Տրիպտիխի»` «Կիեւյան որմնանկարներ» (1966 թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967 թ.) եւ «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985 թ.) վերականգնված ֆիլմերի նոր` 35 մմ ժապավենների հանձնման արարողությունը: Նշենք, որ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» (1967 թ.) առաջին հայկական ֆիլմն է, որն ընդգրկվել է թանգարանի հավաքածուում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից։
Նույն օրը Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի ազգային թանգարանի (Musée National d’Art Moderne) սրահում տեղի է ունեցել ֆիլմերի ցուցադրությունը: Բացման խոսքով հանդես է եկել Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի ազգային թանգարանի տնօրեն Քսավիե Ռեյը: Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
Ս. Փարաջանովի երեք ֆիլմերի վերականգնման ամբողջ ընթացքը շնորհանդեսի միջոցով պատկերավոր ներկայացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործընկեր, «Հայ կինոյի դասականներ» ծրագրի կուրատոր եւ ֆիլմերի վերականգնման փորձագետ Դանիել Բըրդը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը եւ ՀԲԸՄ ֆրանսիայի մասնաճյուղի ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ ֆիլմերը վերականգնվել են «Հայկական կինոյի դասականներ» նախագծի շրջանակում Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ «Համո Բեկնազարով նախագիծ» կազմակերպության կողմից: Վերականգնումը հովանավորել են «Ֆիքսաֆիլմ» եւ «Կինոկլասիկա» կազմակերպությունները: Վերականգնված ֆիլմերի նոր` 35 մմ ժապավենային պատճենների տպագրությունը հովանավորել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)` Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Պոմպիդու կենտրոնի, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի (MoMA), «Դովժենկո» կենտրոնի եւ Վրաստանի կինոստուդիայի մշտական արխիվային հավաքածուների համար: