Դեկտեմբերի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ և «գանգուղային տրավմա, գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչներ, 47-ամյա Ռուստամ Խ-ն և 28-ամյա Դավիթ Ղ-ն։ Մինչ բժիշկները վիրավորներին անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, որոնց շնորհիվ էլ հնարավոր է եղել վիրավորների կյանքը փրկել, ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 16։30-ի սահմաններում Այգեզարդ գյուղի Շահումյան փողոցում հայհոյանքներ տալու պատճառով նույն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Խոդեդա Ա-ն վիճաբանել է Ռուստամ Խ-ի հետ, որից հետո հեռանալով վճաբանության վայրից՝ Ռուստամ Խ-ն իր վարած ռուսական համարանիշներով ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենայով նույն գյուղի Պուշկին-Կոստան փողոցների խաչմերուկում բախվել է Խոդեդա Ա-ի եղբայր՝ նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Արթուր Ա-ի վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենային, որից հետո վիճաբանություն է սկսվել, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց։ Այդ ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, Ռուստամ Խ-ն իր մոտ եղած որսորդական հրացանը ուղղել է Արթուր Ա-ի ուղղությամբ, սակայն վերջինս ձեռքով իրենից շեղել է հրացանը ու այդ ժամանակ Ռուստամ Խ-ն կրակոց է արձակել, որից հետո Արթուր Ա-ն խլել է հրացանը և խզակոթով հարվածել Ռուստամ Խ-ի գլխին։
Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանության ընթացքում մարմնական վնասբվածքներ է ստացել Դավիթ Ղ-ն, ով փորձել է հանդարտեցնել կողմերին։ Արարատի մարզի ոստիկանները հայտնաբերել ու ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արթուր Ա-ին և Խոդեդա Ա-ին որտեղից էլ վերջիններս ներկայացել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։