Վախի պատճառով գողացված է մեր ուրախությունը։ 2022թ-ի՝ գալիքի մեջ մտնելու մեր ցանկությունը թող լինի այդ ուրախությունը վերադարձնելը: Այս մասին ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան տարեվերջյան աղոթքում։

«Վախը զգուշության հետ կապ չունի։


Վախը բերում է անտարբերության, բերում է ծուլության, բերում է կեղծ ինքնապաշտպանության, ինքնաարդարացման, երբ դու գործածդ մեղքը չես խոստովանում, որովհետև վախենում ես, որովհետև միգուցե պատժվես դրա համար։

Վախը շնորհազրկում է մարդուն՝ իր ունեցած բոլոր առաքինություններից։ Քաջությունն է համարվում առաքինություն։ Քաջությունն է, որ պատճառ է դառնում սիրելու։ Քաջությունն է, որ պատճառ է դառնում չվախենալու, մեղքը խոստովանելու, չխուսափելու, անտարբեր չգտնվելու, շահեցնելու ու բազմապատկելու։

Երբ դու պատասխանատվություն ունես, քաջությունն է պատճառ դառնում, որ գործես այդ պատասխանատվությամբ ։ Գործել, որովհետև դա միայն քեզ չի պատկանում, այլ քեզ վստահվածին, դա կլինի համայնք, ժողովուրդ,եկեղեցի, պետություն, երկիր, հասարակություն, ընտանիք կամ այլ բան»,- նշել է Տավուշի թեմի առաջնորդը։

Բագրատ Սրբազանի աղոթքի տեսանյութը հրապարակված է Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում։