Ղրղզստանի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը համակողմանի աջակցություն ցուցաբերել եղբայրական Ղազախստանին եւ անհրաժեշտության դեպքում կատարել իր դաշնակցային պարտավորությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Այս մասին հունվարի 6-ին արտակարգ խորհրդակցության ժամանակ ասել է հանրապետության կառավարության ղեկավար Ակըլբեկ Ժապարովը, հայտնում է Ղրղզստանի կառավարության կայքը։

«Պետության ղեկավարի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի որոշման համաձայն՝ Ղրղզստանի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը համակողմանի աջակցություն ցուցաբերել եղբայրական Ղազախստանին եւ անհրաժեշտության դեպքում կատարել իր դաշնակցային պարտավորությունները ՀԱՊԿ շրջանակներում՝ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի դիմումի կապակցությամբ»,- ասել է նա։


Նիստի ընթացքում քննարկվել է երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակը, որը ստեղծվել է Ղազախստանի Հանրապետության ողջ տարածքում լարվածության աճի եւ արտակարգ դրություն մտցնելու կապակցությամբ։

Ժապարովը լսել է իրավապահ մարմինների ղեկավարների զեկույցները ղրղզա-ղազախական սահմանին տիրող իրավիճակի եւ Ղրղզստանի տարածք հանցավոր տարրերի եւ զենքի տեղաշարժի հնարավոր սպառնալիքների մասին։ Ֆինանսատնտեսական բլոկի նախարարություններին հանձնարարականներ են տրվել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ հանրապետության բանկային համակարգի անխափան գործունեության, ինչպես նաեւ պարենային եւ վառելիքային անվտանգության ապահովման համար: