Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության և հայկական հետքերի ոչնչացման քաղաքականությունը, գրում է Karabakhrecords-ը։
Արցախի օկուպացված տարածքներում 2020 թվականի վերջից Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային ցեղասպանության օրինակներին ավելացել է Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ Խաչ եկեղեցին։
Սոցցանցերի ադրբեջանական հատվածում տարածված տեսանյութի կադրերից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները եկեղեցու գմբեթից հանել են խաչը։ Բացի այդ, տաճարը վերակառուցելու պատրվակով, բացի խաչից, ադրբեջանական կողմը քանդել է նաև եկեղեցու տանիքը։ Այս բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է իսպառ ջնջել հայկական մշակույթի հետքերը տարածաշրջանում՝ մեկ այլ հայկական եկեղեցի ներկայացնելով որպես «ուդիական»։
Ի պաշտպանություն վերոնշյալի՝ նշենք, որ դեռևս 2021 թվականի նոյեմբերի սկզբին Ադրբեջանը կազմակերպել էր երկրի ուդիական համայնքի հոգևորականների ներկայացուցիչների այցը նշված եկեղեցի։ Այսպիսով, եկեղեցի այցելության ժամանակ այն ներկայացվել է որպես «ալբանա-ուդիական մշակույթի հուշարձան», որը ոչ մի կապ չունի իրականության հետ։