ԵՄ, ՆԱՏՕ եւ ԱՄՆ ղեկավարները ուրբաթ երեկոյան, «տագնապալի հաղորդագրությունների ֆոնին», հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կոչ են արել անհապաղ թուլացնել լարված իրավիճակն Ուկրաինայի շուրջ։ Այս մասին տեղեկացրել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հեռախոսազրույցում քննարկվել են վերջին իրադարձությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի շուրջ։ Կոչ է արվել անհապաղ թուլացնել լարված իրավիճակը տագնապալի հաղորդագրությունների ֆոնին։ ԵՄ-ը կողմնակից է դիվանագիտական ճանապարհին եւ միասնական է Ուկրաինային աջակցելու հարցում»,- գրել է Միշելը Twitter-ում։


Հեռախոսազրույցի մասին տեղեկացրել է նաեւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգը։ «Լավ հեռախոսազրույց էր Ջո Բայդենի եւ տրանսատլանտյան ղեկավարների հետ Ուկրաինայում եւ նրա շուրջ շարունակվող անվտանգության ճգնաժամի մասին»,- գրել է նա։ «Մենք շարունակում ենք մեր դիվանագիտական ջանքերը եւ համաձայն ենք, որ Ռուսաստանի ցանկացած ագրեսիա թանկ կարժենա»,- հավաստիացրել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Իրավիճակն Ուկրաինայի շուրջ Եվրամիության 27 երկրների ԱԳՆ ղեկավարների նիստի գլխավոր թեման կլինի։ Նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին Բրյուսելում։ Եվրոպացի նախարարները կքննարկեն թեման ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ։