Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները հայտարարություն են տարածել. «Սույն թվականի փետրվարի 21-22-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում անց է կացվել «Եվրոնեստ»-ի հերթական նիստը, որը Եվրախորհրդարանի և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համագործակցության խոհրդարանական հարթակն է։ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին այս անգամ իրենց մասնակցությունն ունեցան նաև Ադրբեջանը ներկայացնող պատգամավորներ Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։ Ողջունելի է նիստի ընթացքում Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երկարաժամկետ խաղաղաղության հասնելու և պատերազմի միջոցով արցախյան հիմնախնդրի լուծումը բացառելու հստակ պնդումը։ Առանձնահատուկ ցինիզմով և ակնհայտ աճպարարությամբ են լցված ադրբեջանական պատվիրակության կողմից խաղաղության շրջան բացելու և հարաբերություններ կարգավորելու կոչերը։ Այդ երկրի բանտերում մինչ այժմ պահվող հայ ռազմագերիների առկայությունն ու նրանց ռազմաքաղաքական ղեկավարության կողմից անընդհատ կրկնվող սադրանքները սահմանին ամենևին չեն խոսում խաղաղասիրական մտադրությունների մասին։ Միայն անկեղծ մղումով և փոխադարձ շահերի համահավասար գնահատմամբ է հնարավոր երկարաժամկետ խաղաղությունը։ Ցավոք սրտի, Բաքուն նման մոտեցումները չի կիսում։ Ըստ այդմ՝ դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրականացվող արտաքին քաղաքական երկակի ստանդարտներն ու խոսքի և գործի անհամատեղելիությունը։

Ք․ Ստեփանակերտ

22 փետրվարի 2022թ․

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական հայրենիք» խմբակցություն»: