News.am-ը գրում է․ Վերջին ամիսներին Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական լարվածությունը հանգեցրեց լայնամաշտաբ պատերազմի, որն, անշուշտ, իր մեծ ազդեցությունը կթողնի նաև համաշխարհային տնտեսության վրա։ Հայաստանը ևս այս ամենից անմասն չի մնա։

2014 թվականից Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, որի առանցքը Ռուսաստանի Դաշնությունն է։ Համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը մեծ հարված էր հասցրել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին․ Ռուսաստանի տնտեսության անկումը կազմում էր 3 տոկոս, Հայաստանինը՝ 7,4 տոկոս, Բելառուսինը՝ 0,9 տոկոս, Ղազախստանինը՝ 2,5 տոկոս և Ղրղզստանինը՝ 8,6 տոկոս։ 2021 թվականը Ռուսաստանի տնտեսության համար դարձավ վերականգման տարի․ տնտեսական աճը կազմեց 4,4 տոկոս, որին նպաստեցին համաշխարհային շուկայում բնական գազի գնի աճը և դեպի Եվրոպական միության երկրներ արտահանման ավելացումը։


Հատկանշական է, որ 2021 թվականին Ռուսաստանի տնտեսությունն ամբողջությամբ վերականգվեց, իսկ Հայաստանինը՝ ոչ։

 

2021 թվականը հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների առումով ձեռքբերումների տարի էր․ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 847 մլն դոլար, որ նախորդ տարվա համեմատ աճել է 24,5 տոկոսով։ Միաժամանակ աճ է արձանագրել Ռուսաստանից ներկրումը, որը 2021 թվականին կազմել է 1,9 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 19,2 տոկոսով։

Հայաստանի արտահանման մեջդեպի Ռուսաստան արտահանումը կազմում է28 տոկոս, իսկ ներմուծումը՝ 33.3 տոկոս: Ռուսաստան արտահանվում են հիմնականում պատրաստի և վերջնական սպառման ապրանքներ (պահածոներ, գինի, կոնյակ, գյուղմթերք, զարդեր և այլն), որոնք ավելի մեծ օգուտ են բերում Հայաստանի տնտեսությանը։ Ռուսաստանից ներկրում են էներգակիրներ, մետաղներ, շինանյութ և լայն սպառման ապրանքներ։

Արևմտյան տնտեսական պատժամիջոցները կդանդաղեցնեն Ռուսաստանի տնտեսության զարգացումը։ Ներդրումների կրճատումը և բացասական սպասումները կտրուկ կարժեզրկեն ռուսական ռուբլին, ինչի հետևանքով կթանկանան ներկրվող ապրանքների գները, այդ թվում՝ հայկական ապրանքների գները կբարձրանան ռուսական շուկայում մարդկանց եկամուտների նվազման պայմաններում։ Այսինքն՝ ռուսական ռուբլու շարունակական արժեզրկումը կարող է հանգեցնել Հայաստանից արտահանման կրճատման։

Հայաստանի անկախացումից ի վեր Ռուսաստանի Դաշնությունը հանդիսացել է արտագնա աշխատանքի մեկնելու հիմնական ուղղությունը։ Ամեն տարի Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավորքաղաքացիներ մեկնում են ՌԴ՝ աշխատելու նպատակով, ինչը թույլ է տալիս խոշոր դրամական փոխանցումներ ստանալ։ Մասնավորապես՝ 2021 թվականի ընթացքում ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Ռուսաստանից Հայաստան են փոխանցել 865 մլն դոլարի տրանֆերտներ, որը կազմում է ամբողջ տրանսֆերտների շուրջ 41 տոկոսը։ Առանց այդ գումարների (օգնության) Հայաստանում ապրող մարդկանց մի մասն ուղղակի չի կարող գոյատևել։

Բացի այդ, Ռուսաստանը համարվում է Հայաստանի տնտեսության մեջ խոշորագույն ներդրողը։ Մասնավորապես՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսատանից ներդրումների զուտ հոսքը կազմել է 52,4 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ մոտ կրկնակի ավելի է։ Ռուսական կապիտալով են գործում Հայաստանիբազմաթիվ խոշոր ընկերություններ, որոնց մի մասը հանդիսանում է ռուսական մայր ընկերության դուստր ֆիրման, օրինակ՝ «Գազպրոմ Արմենիան»։ Արևմտյան երկրների կողմից ռուսական ընկերությունների նկատմամբ ուղղակի պատժամիջոցները կարող են արտացոլվել նաև Հայաստանում գործող դուստր ընկերությունների վրա։ Հայաստանի 10 ամենաշատ հարկ վճարող ընկերություններից 5-ը գործում են ռուսական կապիտալով, դրանք ստեղծել են հազարավոր աշխատատեղեր և միլիարդավոր դրամներ են վճարում պետական բյուջե։ Ռուսական ընկերությունների գործունեության հնարավոր սահմանափակումները մեծ ազդեցություն կունենան Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։ Այս պահին ռուսական ընկերությունների բաժետոմսերի գների կտրուկ անկումը անհնար է կասեցնել, և օտարերկրյա ներդրողները շտապում են ազատվել դրանցից։

Ամփոփելով՝ պետք է նշել, որ Հայաստանում տնտեսական ռիսկերը բավականին բարձր են և դրանց դիմագրվելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը համալիր մոտեցում պետք է ցուցաբերի՝ չսպասելով վնասների ի հայտ գալուն։