Միջուկային ուժերի պատրաստվածության բարձրացման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուիտինի հրամանը Ուկրաինա նրա ներխուժման ֆոնին սրացում է, որը կարող է իրավիճակը «շատ ավելի վտանգավոր» դարձնել, կիրակի հայտարարել է ԱՄՆ պաշտպանությանգերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Պուտինը հրաման է տվել այն պահին, երբ, ըստ Վաշինգտոնի, քառօրյա ներխուժումից հետո ռուսական զորքերն անսպասելի անհաջողություններ են կրում մարտի դաշտում։ Ինչպես հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները, դրան նպաստել են ուկրաինական ուժեղ դիմադրությունը եւ պլանավորման հարցում ձախողումները, որոնք վառելիքի եւ անհրաժեշտ այլ իրերի պակասի հանեգեցրին, ասել են ԱՄՆ պաշտոնյաները:


Պենտագոնը Պուտինի հրամանի մասին իմացավ ոչ թե ամերիկյան հետախուզական աղբյուրներից, այլ ՌԴ նախագահի հեռուստաուղերձից, հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան:

Պուտինի ելույթից անմիջապես հետո ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, Շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլին եւ Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար Թոդ Ուոլթերսը նախապես ծրագրված հանդիպում անցկացրեցին՝ ՌԴ նախագահի որոշումը քննարկելու համար:

Չնայած Վաշինգտոնը դեռ տեղեկություններ է հավաքում, Պուտինի որոշումը մտահոգիչ է, անանուն մնալու պայմանով ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան։

«Ըստ էության, այն ուժեր է խաղի մեջ մտցնում, որոնք սխալ հաշվարկի դեպքում իրավիճակը կարող են շատ ավելի վտանգավոր դարձնել»,- ասել է նա:

Հարցին, թե Պուտինի հայտարարությունից հետո ԱՄՆ-ն կշարունակի՞ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, պաշտոնյան պատասխանել է. «Այդ աջակցությունը կշարունակվի»։