Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը դեռ չի ստացել Մոսկվայի հետ բանակցություններում ցանկալի արդյունքը, ուկրաինական իշխանությունները բանակցությունների երկրորդ փուլին անցնելու մասին որոշում կկայացնեն բանակցային գործընթացը վերլուծելուց հետո։ Ուկրաինայի ղեկավարի ուղերձի տեսանյութը հրապարակվել է նրա գրասենյակի Telegram ալիքում։
«Առայժմ մենք չունենք այն արդյունքը, որը ցանկանում էինք ստանալ», - ասել է Զելենսկին՝ նկատի ունենալով Ռուսաստանի հետ Բելառուսում կայացած բանակցությունները։
«Ռուսաստանը հայտնել է իր դիրքորոշումները, մենք մեր դիրքորոշումներն ենք ներկայացրել պատերազմն ավարտելու համար, մենք որոշակի ազդանշաններ ենք ստացել»,- շարունակել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին ևս մեկ անգամ կոչ է արել արևմտյան երկրներին և ընդհանուր առմամբ միջազգային հանրությանը կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։
Հիշեցնենք, որ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար, ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները կարևոր կետեր են գտել, որոնց շուրջ կարելի է առաջընթաց գրանցել:նա նշել է, որ ուկրաինական պատվիրակությունը պատրաստ էր լսել և մասնակցել հարցերի մանրամասն քննարկմանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։