Իտալիայի Կարարա քույր քաղաքի քաղաքապետ Անջելո Զուբիանիի հրավերով, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ օգոստոսի 22–25–ը Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դ. Գևորգյանը մասնակցել է «Ֆեստա դե լա Բիրա – Սեպտեմբերֆեստ 2013» ամենամյա փառատոնին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով Կարարայի քաղաքապետին ՝ Դ. Գևորգյանը վերջինիս և Կարարայի քաղաքացիներին է փոխանցել քաղաքապետի շնորհավորանքներն ու ուղերձը։
Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է նաև քննարկում ԵԽ կողմից ֆինանսավորվող «Երիտասարդ գործարարների փոխանակման» ծրագրի շրջանակներում Երևան–Կարարա–Գրաս–Օպոլ–Ինգոլշտատ քույր քաղաքների միջև ցանցային համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։
Կարարայի քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում վերջինս, սիրով ընդունելով Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի հրավերը, իր պատրաստակամությունն է հայտնել մասնակցել «Էրեբունի–Երևան 2795» տոնակատարությանը։
Այցի ընթացքում Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետը նաև հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Ինգոլշտատ քաղաքի քաղաքապետի և Գրասի փոխքաղաքապետի հետ։
Հիշեցնենք, որ Երևան և Կարարա քաղաքների միջև բարեկամության առաջին հիմնաքարը դրվել է 1962 թ.–ին։ 1973 թ. սեպտեմբերի 12–ին Երևանում ստորագրվել է փաստաթուղթ, որով Երևանի քաղսովետի գործադիր կոմիտեն և Կարարայի մունիցիպալ խորհուրդը որոշում են կայացրել ամրապնդել 2 քաղաքների միջև ստեղծված բարեկամական կապերը։
Երևան և Կարարա համագործակցության շրջանակներում 1964թ. մայիսի 20–ին Մոսկովյան և Տերյան փողոցների հատման մասում տեղադրված է «Բարեկամության ձեռքեր» մարմարե հուշարձանը, որը Կարարայի նվերն էր Երևան քաղաքին։
Որպես պատասխան՝ հայկական կողմը Կարարայի քաղաքապետարանին է նվիրել տուֆից պատրաստված խաչքար–աղբյուր, որը տեղադրված է Կարարայի Երևանի զբոսայգում։ Խաչքար–աղբյուրի կրկնօրինակը տեղադրված է նաև Երևանում՝ «Բարեկամության ձեռքերից» ոչ հեռու։