Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու սահմանման մասին որոշումը պետք է ընդունի ՆԱՏՕ-ն, բայց դա «հնարավոր երրորդ համաշխարհային պատերազմի էսկալացման իրական ռիսկի» կհանգեցնի։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«ԵՄ-ն չի պատերազմում Ռուսաստանի հետ: Իրականությունն այնպիսին է, որ Ռուսաստանը դաժան պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ։ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, ուստի մենք պետք է չափազանց զգույշ լինենք։ Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, բայց՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը միջուկային զենք ունի, շատ կարեւոր է խուսափել երրորդ համաշխարհային պատերազմից»,- ասել է նա։


Նրա խոսքով՝ թեեւ ՆԱՏՕ-ն, ոչ թե ԵՄ-ն, պետք է կայացնի այս որոշումը, կարեւոր է, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամները հասկանան, որ դա «չափազանց հեռուն գնացող քայլ» կլինի: «Այդ պատճառով էլ մենք փորձում ենք խոսել տարբեր ոլորտներում դիվանագիտական ​​մակարդակով։ Մենք փորձում ենք ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ հնարավորինս շուտ հրադադարի հասնելու եւ համոզվելու համար, որ մենք կարող ենք որքան հնարավոր է շուտ բանակցություններ անցկացնել»,- հավելել է նա։

Միշելը նշել է, որ, չնայած ՆԱՏՕ-ն «ընդհանուր անվտանգության հիմքն է Եվրոպայում», եվրոպական երկրները պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն, որպեսզի կարողանան ինքնուրույն ավելի շատ հնարավորություններ տրամադրել ռազմական ոլորտում:
Խոսելով Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի հայտի մասին՝ Շառլ Միշելը հայտարարել է, որ Զելենսկու խնդրանքը «շատ օրինական» է, եւ ԵՄ-ն հնարավորինս արագ կաշխատի դրա քննարկման վրա՝ «այդ հարցում միասնական մնալու համար»՝ ակնարկելով կարծիքների որոշ տարաձայնությունները անդամ երկրների միջեւ:

Նրա խոսքով՝ կարճաժամկետ հեռանկարում նա որոշել է Զելենսկուն հրավիրել Եվրոպական խորհրդի նիստերին «կանոնավոր հիմունքներով»՝ «Ուկրաինայի հետ քաղաքական համագործակցության եւ համակարգման համար»։