ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը կկայանա մարտի 13-ին։ Այս մասին տեղեկանում է ԱԺ կայքից։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2022 թվականի մարտի 3-ին Հանրապետության նախագահ է ընտրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը կգումարվի Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո տասներորդ օրը՝ մարտի 13-ին, ժամը 12:00-ին»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարել էր Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկմանն ու քվեարկությանը։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել միայն իշխող ՔՊ խմբակցության 71 պատգամավոր։