«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի ընտրություններին թեպետ մեկուկես տարի դեռ կա՝ դրանք, ըստ ամենայնի, կանցկացվեն 2023 թ․ սեպտեմբերին, սակայն քաղաքական դաշտում արդեն սկսել են ակտիվ պատրաստվել։ Առնվազն 3 ֆավորիտային թեկնածուներ կան այս պահի դրությամբ։ Բնականաբար, իշխող թիմը հանդես կգա սեփական թեկնածուով, որը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։ Վերջին կես տարվա ընթացքում Ավինյանն արդեն ակտիվ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ, ինտենսիվ հանդիպումներ ունենում, այսպես կոչված՝ ձայն բերող շրջանակների հետ, հատկապես՝ նախկինների, ասում են՝ անգամ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին է փորձել ներգրավել իր ընտրության պոտենցիալ գործընթացին:
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի թեկնածուն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լեւոնը, որն առաջին քայլերն արդեն արել է քաղաքական արենայում: Նա նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավորական ցուցակի 50-րդ համարն էր:
Առաջադրվելու մտադրություն ունի նաեւ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սակայն հնարավոր է, որ «Պատիվ ունեմ» դաշինքն ու ՀՀԿ-ն հանդես գան «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմքով, եթե վերջինս առաջադրվի։
Չի բացառվում, որ այլ հավակնորդներ էլ հայտնվեն, քանզի մայրաքաղաքում թեժ պայքար է գնալու, եւ իշխանությունը չունի մեծամասնություն։
Հիշեցնենք, որ ինչ-որ պահի իշխանությունը քննարկում էր Երեւանի քաղաքապետի պաշտոնը նշանակովի դարձնելու հարցը, սակայն հետագայում հրաժարվել են այդ մտքից` հասկանալով, որ դա ճիշտ չի հասկացվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում