«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում արած ոչ կոռեկտ արտահայտությունից հետո հասարակությունը ընդդիմադիրների, այսպես ասած, համարժեք արձագանքին է սպասում: Մարդկանց մի ստվար զանգված պնդում է, թե նման բառապաշարից հետո ընդդիմադիր պատգամավորները բողոքի ակցիաներ պետք է անեին՝ Փաշինյանից պահանջելով ներողություն խնդրել: Եվ չնայա օրինակ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նման պահանջով հանդես եկել է, շատերը սակայն ընդդիմադիրների կողմից ավելի կտրուկ գործընթացների՝ մանդատները վայր դնելուն էին սպասում:
«Մանդատներից հրաժարվելն ամենադյուրին գործընթացը կլիներ,- ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։- Բայց մանդատը պետությանը ծառայեցնելու տրամաբանության մեջ պետք է դիտարկել: Չեմ բացառում, որ եթե քաղաքական իրավիճակը նման գործընթաց թելադրի, ապա այդ տարբերակը նույնպես կքննարկենք»:
Դիտարկմանը, թե ընդդիմությունը մանդատները վայր չի դնի այն պատճառով, քանի որ վստահ չէ, որ համամասնական ցուցակում ներառված բոլոր անձինք կհրաժարվեն դրանից, պատգամավորն արձագանքում է. «Չեմ կարծում, որ նման խնդիր կա: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ինքս հետագայում ինչ պաշտոնի էլ լինեմ, ԱԺ ամբիոնից երբեք նման բառապաշարով չեմ խոսի»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում