Օրերս լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Սյունիքի մարզի բնակիչները պատմել են, թե իրենք աշխատում են գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող Լիճքի Սիսիանի մեկ հանքավայրում ու ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գործարար Սիլվա Համբարձումյանը հերքեց վերոնշյալ տեղեկությունը՝ այն որակելով հերյուրանք: Նա նշեց, որ ինքն իր գործերում նման խնդիրներ չունի և իր խոսքերը կարող է փաստաթղթերով ապացուցել:

Սիլվա Համբարձումյանի հավաստիացմամբ՝ ինքը վճարում է նրանց, ովքեր աշխատում են: «Ես չգիտեմ՝ ովքեր են բողոքում, երևի թե ակցիա են անում, որ այն մյուս հանքի լիցենզիան էլ վերցնեն, բայց դրան չեն հասնի: Երևի թե կհիշեք Լիճքվազ-Թեյի պատերազմը. այն դեռ չի վերջացել, շարունակվում է: Դիմել ենք ՄԻ Եվրոպական դատարան, և այն վարույթ է ընդունվել: Ես ունեմ «Սիփան 1», որը վճարում է, հարկերն էլ ենք վճարում: Լիճքվազ-Թեյի պարագայում դատարան ենք դիմել անօրինականությունների դեմ պայքարելու համար:

Եվրադատարանում մենք մի գործ հաղթեցինք, հետո Արմեն Մովսիսյանի կամայականությամբ անօրինական վճիռ կայացվեց դատական գործընթացի արդյունքում»,- պարզաբանեց Սիլվա Համբարձումյանը:

Վերջինս ասաց, որ Սյունիքի նախկին մարզպետը ցանկանում է դատի տալ նախկին քաղաքապետերից մեկին, ով իբր իրեն վարկաբեկում է, այնինչ պետք է իր ընկերությունից գողացած սարքավորումների համար վճարի կամ վերադարձնի այդ սարքավորումները:

«Սուրեն Խաչատրյանի գողացածը հիմա Սյունիքի նոր մարզպետի մոտ է, իրենք են գնել Սուրեն Խաչատրյանի հանքը ու գումարս էլ չեն տալիս: Եթե հանքը գնել են, ապա իրենք են պարտավոր վերադարձնել ինձնից գողացված 102 մլն դրամը, բայց չեն տալիս: Ամբողջ աշխարհը գիտի այդ մասին, իսկ իրենք ասում են՝ չգիտեն»,- ասաց Սիլվա Համբարձումյանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է «Սիփան 1»-ին:

Կին գործարարը տեղեկացրեց, որ անձամբ է խոսել նորանշանակ մարզպետի հետ, սակայն վերջինս ասել է, որ չի վճարելու: «Այսինքն՝ եթե մարզպետը գողությունը ծածկում է, պատկերացրեք՝ ինչեր է ծածկելու»,- ասաց Սիլվա Համբարձումյանը: