«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, երկուշաբթի մեկնարկող ԱԺ հերթական նիստերը Նիկոլ Փաշինյանի ու իր պատգամավորների համար նոր «քննության» շրջան է լինելու: Մասնավորաբար, մեր ունեցած տեղեկություններով, խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները առաջիկա քառօրյային պատրաստվում են հրատապություն ունեցող մի շարք հարցեր առաջ քաշել։ Օրինակ` նախօրեին նրանք տեղեկացրեցին, որ շրջանառության մեջ են դրել հայտարարության նախագիծ, և իրենց պահանջով տեղի կունենա քննարկում՝ Արցախի Հանրապետությունում հումանիտար իրավիճակի, սպառնալիքների և հրատապ անելիքների օրակարգով։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունն ամեն գնով փորձելու է այս կարևոր քննարկումը ևս ձախողել կամ գոնե «տեսարաններ սարքել» ու թեման «լղոզել»։ Թերթի խորհրդարանական աղբյուրների փոխանցմամբ, սրանով քպականների «քննությունը» չի ավարտվի. ընդդիմությունը լուրջ է տրամադրված նաև ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։
Ասում են՝ այն բավականին հագեցած ու սուր է լինելու, քանի որ հարցապնդումները վերաբերելու են ՀՀ-ում տեղի ունեցող մի շարք ցավոտ գործընթացներին՝ սահմանին տիրող անհասկանալի իրավիճակ, զինծառայողների մահ, Ներքին Հանդում ստեղծված իրադրություն, Արցախում առկա վիճակ և այլն։ Ի դեպ, մեզ փոխանցեցին նաև, որ քառօրյայում նախատեսված՝ կառավարության կատարողականի քննարկումը ընդդիմադիրները պատրաստվում են բոյկոտել, չնայած, ըստ տեղեկությունների, իշխանությունները այդ կատարողականին բավական լուրջ են պատրաստվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում