ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 23-ին կմեկնի Բրյուսել, որտեղ, ՆԱՏՕ-ի, Յոթի խմբի (G7) եւ Եվրոպական խորհրդի գագաթաժողովներում Ուկրաինայում իրադարձությունների քննարկումից հետո, Վարշավայում բանակցություններ կվարի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Այս մասին կիրակի նշվել է ԱՄՆ նախագահի՝ Սպիտակ տան տարածած աշխատանքային ժամանակացույցում։
«Այս շաբաթ նախագահ Ջո Բայդենը կմեկնի Լեհաստան՝ Բրյուսելում (Բելգիա) ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցների, G7-ի եւ Եվրոպական խորհրդի ղեկավարների հետ հանդիպումներից հետո, որտեղ կքննարկվեն Ուկրաինային աջակցության ցուցաբերման եւ Ռուսաստանի դեմ, Ուկրաինա ներխուժման պատճառով, լուրջ եւ աննախադեպ պատժամիջոցներ կիրառելու միջազգային ջանքերը։ Ուրբաթ՝ մարտի 25-ին, նախագահ Բայդենը կմեկնի Վարշավա (Լեհաստան), որտեղ հանդիպում կունենա նախագահ Անջեյ Դուդայի հետ»,- նշել են Սպիտակ տանը։
Փաստաթղթում նաեւ նշվել է, որ Բայդենը քննարկելու է այն հարցը, թե ինչպես է ԱՄՆ-ը դաշնակիցների եւ գործընկերների հետ արձագանքում հումանիտար եւ մարդու իրավունքների ոլորտի ճգնաժամին՝ Ուկրաինայի շուրջ իրադարձության հետ կապված։
ԱՄՆ նախագահի ժամանակացույցում նշվել է, որ հինգշաբթի՝ մարտի 24-ին, Բայդենը մասնակցելու է ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթաժողովին՝ քննարկելու համար Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողությունը զսպելու եւ ընթացիկ պաշտպանական ջանքերը։
Նույն օրը Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը կմասնակցի G7-ի հանդիպմանը, որպեսզի դաշնակիցների եւ գործընկերների հետ շարունակի Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով Ռուսաստանի համար արեւմտյան պատժամիջոցների հետեւանքների քննարկումը։ Հինգշաբթի Բայդենը կմիանա նաեւ Եվրոպական խորհրդի գագաթաժողովին, որպեսզի քննարկի Ուլրաինայի վերաբերյալ ընդհանուր մտահոգությունները, ներառյալ Ռուսաստանի դեմ տնտեսական սահմանափակումներ մտցնելու, բռնությունից տուժածներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու եւ հակամարտության հետ կապված այլ խնդիրների լուծման տրանսատլանտյան ջանքերը։