Այս օրերին Երեւանի Արշակունյաց պողոտայում մեծ թափով ընթանում է «Երեւան մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնի շինարարությունը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Բացումը նախատեսվում է հոկտեմբերին։ Կառույցի սեփականատերերի անունները պաշտոնապես չեն ասվում, սակայն ոչ պաշտոնապես շրջանառվում են ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ «Կերամիկա» ՍՊԸ տնօրենի անունները՝ որպես «Երեւան մոլի» սեփականատերեր։ Երեկ ՊԵԿ-ի լրատվության բաժնից հերքեցին այս տեղեկությունը՝ հայտնելով, որ ՊԵԿ նախագահը կամ նրա մերձավոր հարազատներից որեւէ մեկը կապ չունեն «Երեւան մոլի» հետ։ Հայաստանում, սակայն, վաղուց արդեն նման հերքումները ոչինչ չեն նշանակում:

Սպասվում է, որ «Երեւան մոլում» է գործելու ֆրանսիական «Կարֆուր» ընկերությունը, թեպետ «Կարֆուրի»՝ Հայաստանում բացվելու ժամկետի եւ վայրի վերաբերյալ էկոնոմիկայի նախարարության ունեցած վերջին տվյալը 6 ամսվա վաղեմություն ունի:
Մարտ ամսին նախարար Տիգրան Դավթյանը հանրությանը ոչինչ չասող հանդիպում էր ունեցել ընկերության ներկայացուցչի հետ:

Ու թեեւ պաշտոնական որեւէ այլ նորություն մինչ օրս չկա «Կարֆուրի» գալստյան վերաբերյալ, այնուամենայնիվ, խոսակցությունները, որ աշխարհահռչակ այդ ընկերությունը մտնելու է Հայաստան եւ տեղ զբաղեցնելու «Երեւան մոլում»-, համառորեն պտտվում են գործարարների շրջանում: Մասնավոր խոսակցություններում «Կարֆուրի» ոդիսականը բացատրում են հետեւյալ կերպ՝ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ամեն կերպ խոչընդոտեց եւ թույլ չտվեց, որպեսզի «Կարֆուրը» տեղ զբաղեցնի հայտնի «Դալմա Մոլում», եւ հիմա հասել է նրան, որ այս սուպերմարկետը գործի «Երեւան մոլում»: Այստեղ, ինչպես արձանագրել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը, «Կարֆուրի» համար հատկացված է 6000 քմ տարածք»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները կարող եք ընթերցել Հայկական ժամանակ թերթի այսօրվա համարում):